Wednesday, October 9, 2019

ՀԱՂԹԱՆԱԿ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ 
(1,848,500 ՀՀ դրամի չափով տուգանքի որոշումն ամբողջությամբ վերացվեց)

2019թ.-ի սեպտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՊԵԿ) հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովը հրապարակային կարգով քննեց անհատ ձեռնարկատեր Ա. Գ.-ի համար ՙՎարդանյան և գործընկերներ»  իրավաբանական գրասենյակի կազմած դիմում-բողոքը և բավարարեց այն՝ անվավեր ճանաչելով ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից անհատ ձեռնարկատեր Ա. Գ.-ի նկատմամբ 31.07.2019թ.-ին կայացված ՙտուգանքի գումարը հաշվարկելու և գանձման առաջադրելու վերաբերյալ» համապատասխան որոշումը: 

Որոշ մանրամասներ
Նշված որոշմամբ անհատ ձեռնարկատիրոջը ՊԵԿ իրավաբանական վարչությունը տուգանել էր 1,848,500 ՀՀ դրամի չափով՝ համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի (Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշների և (կամ) դրոշմապիտակների վերադարձը): Ըստ նշված հոդվածի՝ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ իրենց կողմից ստացած, սակայն ճօգտագործված դրոշմապիտակները ՀՀ հարկային օրենսգրքի 396-րդ հոդվածով սահմանված ժամկետից (6 ամիս) ուշ վերադարձվելու դեպքում հաշվարկվում է տուգանք ըստ ստացված դրոշմապիտակների քանակի: Մեր գրասենյակի հաճախորդի մոտ առկա էր եղել մի քանի օր ուշացում:

Սակայն ՊԵԿ իրավաբանական վարչությունը վարչական ակտը (նշված տուգանքի որոշումը) կայացնելիս թույլ էր տվել օրենքի խախտումներ. 

1) սխալ էր մեկնաբանվել և կիրառվել ՀՀ հարկային օրենսգրքի 422-րդ հոդվածը

Հարկային մարմինը (ի դեմս ՊԵԿ իրավաբանական վարչության) տուգանքի որոշումը կայացնելիս պետք է դիտարկեր դրոշմապիտակները ստանալուն նախորդող հարկային տարվա ընթացքում ստացված դրոշմապիտակների քանակությունը և ըստ այդմ հաշվարկեր տուգանքի չափը: Սակայն տուգանքի չափը հաշվարկելիս հիմք էր ընդունվել հենց դրոշմապիտակների ստացման տարում ստացված դրոշմապիտակների քանակը:

Այս կետի կապակցությամբ ներկայացվել էին նաև փաստարկներ առ այն, որ եթե հարկային հարաբերությունները կարգավորող՝ հավասար իրավական ուժ ունեցող իրավական ակտերի դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություննեևր, տարընթերցումներ, ապա դրանք մեկնաբանվում և կիրառվում են հարկ վճարողի օգտին: Նման կանոն սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածում:

2) միաժամանակ խախտվել էր նաև ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածը (Հարկային իրավախախտումների արձանագրումը) 

Հարկային մարմինը (ի դեմս ՊԵԿ իրավաբանական վարչության) տուգանքի որոշումը կայացնելուց առաջ համապատասխան վարչական վարույթը հարուցել էր օրենքով պահանջվող ժամկետի էական խախտմամբ (խախտման արձանագրությունը կազմվել էր դեպքից շուրջ 5-6 ամիս անց):

Մեր կողմից ներկայացվել էր նաև փաստարկ այն մասին, որ կատարված արարքը, թեև պարունակում է հարկային իրավախախտման հատկանիշներ, սակայն իր բնույթով ունի ցածր նշանակություն և որևէ ֆինանսական անբարենպաստ հետևանքներ ՀՀ պետական բյուջեի համար չեն առաջացել (ստացված, սակայն չօգտագործված թվով 3697 հատ դրոշմապիտակները հանգամանքների բերումով վերադարձվել էին սահմանված ժամկետի ավարտից ընդհամենը մի քանի օր անց):

Հանձնաժողովի նիստին հաճախորդի անունից վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար մասնակցել և վարչական վերադասության կարգով ներկայացված դիմում-բողոքի փաստարկները ներկայացրել է փաստաբան Վարուժան Վարդանյանը: 

Շնորհակալություն ենք հայտնում ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովին՝ գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի պարզման և կայացված որոշման համար:

Wednesday, July 17, 2019


Փաստաբան Ներսես Իսաջանյան


                                             
                           Փաստաբան Վարուժան Վարդանյան



Փաստաբան Վահե Սիմոնյան


Wednesday, September 7, 2016

Փաստաբան Վարուժան Վարդանյանը պարզաբանում է ՍՊԸ-ի հասկացությունը (տեսանյութ)

Տեսանյությում արծարծվում են հետևյալ հարցերը.

Ինչ է իրավաբանական անձը
Որոնք են առևտրային իրավաբանական անձինք
Ինչ է առևտրային ընկերությունը
Ինչ է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այդ թվում` ինչու է տվյալ տիպի առևտրային ընկերությունը կոչվում այդպես)

https://www.youtube.com/watch?v=7S83PKIIHII

Monday, August 29, 2016

Եթե Ձեր կազմակերպությունում  ստուգում է անցկացվելու

1. Նախքան ստուգումը սկսելը` համապատասխան պետական մարմինը պարտավոր է հրապարակել ստուգում իրականացնելու մասին հրաման կամ հանձնարարագիր:

2. Ստուգումը սկսվելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ (բացառությամբ որոշ ստուգումների) հանձնարարագրի կամ հրամանի երկու օրինակն էլ պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) պետք է ներկայացվի Ձեր կազմակերպության ղեկավարին (կամ նրան փոխարինող անձին) ծանոթացման և ստորագրման համար:

3. Հրամանում կամ հանձնարարագրում պարտադիր պետք է նշված լինեն`
- ստուգում իրականացնող մարմնի անվանումը
ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը
- ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը
այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզաբանել տվյալ ստուգման ընթացքում
-ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգնման նպատակը, ժամկետը, ստուգման իրավական հիմքերը

(<<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենք, 3-րդ հոդված, 2-րդ և 3-րդ մասեր)


Saturday, July 7, 2012

Դատաիրավական համակարգի նկատմամբ վստահությունը՝ ազգային անվտանգության երաշխիք


Հայաստանի Հանրապետության նախագահը 07.02.2007թ.-ին թիվ ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը (այսուհետ՝ Ազգային անվտանգության ռազմավարություն): Ազգային անվտանգության ռազմավարության ներածական մասում սահմանված է վերջինիս հասկացությունը, մասնավորապես՝  ազգային անվտանգության ռազմավարությունը պետության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման պետական քաղաքականության համակարգն է : Ի թիվս այլոց, սահմանված է նաև հետևյալը՝
«Ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմնական երաշխիքներն են`
·           պետական կառավարման համակարգի արդյունավետությունը,
·           իրավունքի գերակայության ապահովումը,
·           ժողովրդավարական արժեքների արմատավորումը,
·           դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը,
·           զինված ուժերի մարտունակությունը,
·           անվտանգության և իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը,
·           արդյունավետ միջազգային ներգրավվածությունն ապահովող արտաքին քաղաքականությունը,
·           սոցիալական արդարության ապահովումը:»:

Ազգային անվտանգության ռազմավարության 3-րդ կետում սահմանված են ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները, որոնք դասակարգվում են երկու հիմնական խմբի՝ արտաքին և ներքին: Ներքին սպառնալիքների թվում նշված է նաև հետևյալը՝
«Ներքին սպառնալիքներ են՝
Պետական կառավարման համակարգի արդյունավետության նվազումը, դատա-իրավական համակարգի նկատմամբ վստահության պակասը. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է անցումային շրջանում և բարեփոխումների ակտիվ փուլում: Ազգային անվտանգությանը սպառնալիք կարող են լինել պետական կառավարման համակարգի արդյունավետության նվազումը և բարեփոխումների գործընթացի դանդաղումը: Դատական իշխանության արդյունավետ, անաչառ և անկախ գործունեությունը բացառիկ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Պետական կառավարման համակարգի արդյունավետության կարևոր ցուցանիշ է դրա նկատմամբ հասարակության վստահության մակարդակը:¦:

Անհրաժեշտ է հիշատակել, որ ՀՀ արադարադատության նախարարը, 25.01.2012թ. խոսելով ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումների 2012-2016թ. թվականների ռազմավարական ծրագրի մասին, հայտնել էր, որ ներկայումս դատական համակարգի նկատմամբ անվստահության աստիճանը կազմում է 70-80 տոկոս: Միաժամանակ նախարարը հայտնել էր նաև, որ նշված ծրագրով դատական համակարգի նկատմամբ անվստահության աստիճանը նախատեսվում է կրճատել՝ հասցնելով մինչև 30-40 տոկոսի:

Ուստի՝ կարծում եմ, որ դատական իշխանության անաչառության և անկախության ապահովումը, դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացումը կարևորվում են ոչ միայն կոնկրետ անձանց կոնկրետ իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլև անփոխարինելի նշանակություն ունեն դադեր շարունակ կորցրած և վերջապես վերականգնված Հայոց պետության ամրապնդման համար: 

Վարուժան Վարդանյան
Փաստաբան