Sunday, May 27, 2012

Հանրապետության տոնին հանրապետության մասին


Մեր քաղաքացիներից շատերի մոտ գոյություն ունի այն կարծիքը, թե ներկայիս Հայաստանի Հանրապետությունը երրորդ հանրապետությունն է: Այս կարծիքն այնքան էլ հիմնավորված չէ իրավունքի տեսանկյունից, քանի որ թե՝ 1920թ.-ին, և թե` 1990թ.-ին, նոր հանրապետություններ չեն հիմնադրվել: Իրականում 28.05.1918թ.-ին հիմնադրված Հայաստանի Հանրապետությունը 1920թ.-ին խորհրդայնացվել է, իսկ 1990թ.-ին անկախ է հռչակվել ԽՍՀՄ-ից:

1920թ.-ի նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն Իջևան քաղաք մուտք գործելուց հետո հրապարակել է «Հայաստանը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն հռչակելու մասին» Հռչակագիրը: Հռչակագրում սահմանվել է. «Հայաստանի ապստամբած զանգվածների կամքով և ցանկությամբ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն այսօրվանից Հայաստանը  հայտարարում  է  Սոցիալիստական Սովետական Հանրապետություն...»: Այդ հռչակագրի նշված դրույթի տառացի մեկնաբանությունից բխում էոր հռչակագրի հրապարակման պահի դրությամբ արդեն գոյություն  ուներ Հայաստան պետությունը և հռչակագրով նոր պետություն չի հիմադրվել, այլ արդեն գոյություն ունեցող Հայաստանը Կոմունիստական կուսակցության կողմից հայտարարվել է Սոցիալիստական Սովետական:

Ուստի՝ 1920թ.-ին Սոցիալիստական Սովետական հայտարարված Հայաստանի Հանրապետությունը այն հանրապետությունն է, որը հիմնադրվել է 1918թ.-ի մայիսի 28-ին, երբ Անդրկովկասյան սեյմի լուծարումից և Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի ժողովրդական ինքնապաշտպանության հաղթական մարտերից հետո Հայոց Ազգային Խորհրդի ընդունած փաստաթղթով Ազգային Խորհուրդն իրեն հայտարարում էր՝ հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն  և ժամանակավորապես ստանձնում էր կառավարության բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար:  

23.08.1990թ.-ի Հայաստանի Անկախության Հռչակագրի նախաբանում, ի թիվս այլոց, նշված է`«Գերագույն Խորհուրը`զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, ՀՌՉԱԿՈՒՄ Է …»: Իսկ Հռչակագրի 1-ին կետում նշված է` «1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն` կրճատ` Հայաստան»: Սա նշանակում է, որ Հայ ժողովուրդը նոր պետություն չի հիմնադրել 1990թ.-ին: Ուշագրավ է, որ «Տոների Եվ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Հանրապետության տոնը» նշվում է մայիսի 28-ին, իսկ սեպտեմբերի 21-ին նշվում է «Անկախության տոնը»:

Հետևաբար` ներկայիս Հայաստանի Հանրապետությունը 1918թ.-ի մայիսի 28-ին հիմնադրված` Հայ ժողովրդի առաջին հանրապետությունն է:

Վարուժան Վարդանյան
Փաստաբան