Wednesday, October 9, 2019

ՀԱՂԹԱՆԱԿ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ 
(1,848,500 ՀՀ դրամի չափով տուգանքի որոշումն ամբողջությամբ վերացվեց)

2019թ.-ի սեպտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՊԵԿ) հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովը հրապարակային կարգով քննեց անհատ ձեռնարկատեր Ա. Գ.-ի համար ՙՎարդանյան և գործընկերներ»  իրավաբանական գրասենյակի կազմած դիմում-բողոքը և բավարարեց այն՝ անվավեր ճանաչելով ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից անհատ ձեռնարկատեր Ա. Գ.-ի նկատմամբ 31.07.2019թ.-ին կայացված ՙտուգանքի գումարը հաշվարկելու և գանձման առաջադրելու վերաբերյալ» համապատասխան որոշումը: 

Որոշ մանրամասներ
Նշված որոշմամբ անհատ ձեռնարկատիրոջը ՊԵԿ իրավաբանական վարչությունը տուգանել էր 1,848,500 ՀՀ դրամի չափով՝ համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի (Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշների և (կամ) դրոշմապիտակների վերադարձը): Ըստ նշված հոդվածի՝ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ իրենց կողմից ստացած, սակայն ճօգտագործված դրոշմապիտակները ՀՀ հարկային օրենսգրքի 396-րդ հոդվածով սահմանված ժամկետից (6 ամիս) ուշ վերադարձվելու դեպքում հաշվարկվում է տուգանք ըստ ստացված դրոշմապիտակների քանակի: Մեր գրասենյակի հաճախորդի մոտ առկա էր եղել մի քանի օր ուշացում:

Սակայն ՊԵԿ իրավաբանական վարչությունը վարչական ակտը (նշված տուգանքի որոշումը) կայացնելիս թույլ էր տվել օրենքի խախտումներ. 

1) սխալ էր մեկնաբանվել և կիրառվել ՀՀ հարկային օրենսգրքի 422-րդ հոդվածը

Հարկային մարմինը (ի դեմս ՊԵԿ իրավաբանական վարչության) տուգանքի որոշումը կայացնելիս պետք է դիտարկեր դրոշմապիտակները ստանալուն նախորդող հարկային տարվա ընթացքում ստացված դրոշմապիտակների քանակությունը և ըստ այդմ հաշվարկեր տուգանքի չափը: Սակայն տուգանքի չափը հաշվարկելիս հիմք էր ընդունվել հենց դրոշմապիտակների ստացման տարում ստացված դրոշմապիտակների քանակը:

Այս կետի կապակցությամբ ներկայացվել էին նաև փաստարկներ առ այն, որ եթե հարկային հարաբերությունները կարգավորող՝ հավասար իրավական ուժ ունեցող իրավական ակտերի դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություննեևր, տարընթերցումներ, ապա դրանք մեկնաբանվում և կիրառվում են հարկ վճարողի օգտին: Նման կանոն սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածում:

2) միաժամանակ խախտվել էր նաև ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածը (Հարկային իրավախախտումների արձանագրումը) 

Հարկային մարմինը (ի դեմս ՊԵԿ իրավաբանական վարչության) տուգանքի որոշումը կայացնելուց առաջ համապատասխան վարչական վարույթը հարուցել էր օրենքով պահանջվող ժամկետի էական խախտմամբ (խախտման արձանագրությունը կազմվել էր դեպքից շուրջ 5-6 ամիս անց):

Մեր կողմից ներկայացվել էր նաև փաստարկ այն մասին, որ կատարված արարքը, թեև պարունակում է հարկային իրավախախտման հատկանիշներ, սակայն իր բնույթով ունի ցածր նշանակություն և որևէ ֆինանսական անբարենպաստ հետևանքներ ՀՀ պետական բյուջեի համար չեն առաջացել (ստացված, սակայն չօգտագործված թվով 3697 հատ դրոշմապիտակները հանգամանքների բերումով վերադարձվել էին սահմանված ժամկետի ավարտից ընդհամենը մի քանի օր անց):

Հանձնաժողովի նիստին հաճախորդի անունից վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար մասնակցել և վարչական վերադասության կարգով ներկայացված դիմում-բողոքի փաստարկները ներկայացրել է փաստաբան Վարուժան Վարդանյանը: 

Շնորհակալություն ենք հայտնում ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովին՝ գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի պարզման և կայացված որոշման համար: